Հոքու, հոկու կամ հայքու, հայկու , ճապոնական
պոեզիայի ժանր, եռատող, 17-վանկանի (5-7-5), հաճախ երկրորդ բանատողից հետո դադարով
։
Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող
կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է
նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո
Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական
ու գեղագիտական սկզբունքները։ Հոքուի ձևերի կատարելագործումն առնչվում
է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի
Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։
Գոյություն են ունեցել հոքուների մի
քանի դպրոցներ։ 19-րդ դարի վերջերին Մասաոկա Սիկին նոր զարկ տվեց հոքուի
զարգացմանը՝ նրան կցելով գեղանկարչությունից փոխառած «ուրվանկար բնօրինակից»
սկզբունքը։
Թանկա կամ թանքա, ճապոնական պոեզիայի հնագույն ժանր՝
31 վանկերից կազմված (5-7-5-7-7) անհանգ հնգատող։
Ավանդական մոտիվներն են սերը, բաժանումը, ուղևորությունները, տարվա
եղանակները և այլն։ Թանկան առատ է տրոպի տեսակներով, բառախաղերով,
հաճախ է ստեղծում իմաստային երկրորդ շերտ։
Ամենավաղ թանկաները գրի են առնվել 8-րդ դարում. ժանրը ծաղկում է
ապրել 10-13-րդ դարերում՝ կապված ճապոնական պոեզիայի արքունական գերատեսչության
գործունեության, պոետական մրցույթների անցկացման և պոետական պաշտոնական
հատընտիրներ կազմելու հետ։
Նոր աշխուժություն է սկսվում 19-20-րդ դարերում, երբ թանկաները
լցվում են սոցիալական մոտիվներով (Իսիքավա Թաքուբոքու)։
Թանկայի հիմնական միտքը կենտրոնացված է առաջին երեք, ամփոփումը՝
վերջին երկու տողերում։ Թանկայի հնգատողը և հոքուի եռատողը ճապոնական
պոեզիայի ավանդական երկու ուղղությունն են («Դենտոսի»)։ Երրորդ ուղղությունը
(«Գենդայսի») ժամանակակից ոտանավորն է։ Թանկա գրող պոետը կոչվում է կեձին,
հոքու գրողը՝ խայձին, իսկ ժամանակակից գրողը՝ սիձին։ Ճապոնական
թանկաները հայտնի են աշխարհին որպես պոետական արտակարգ նրբագեղության և հակիրճ,
լակոնիկ ձևի բանաստեղծություններ։
«Հիմա
կդառնամ»,-շշնջացիր ինձ,
Սակայն բառերն այդ բառ
էլ մնացին:
Դու ետ չդարձար...
Լուսնյակի ուղուն
Ես հետևեցի մինչև
այգալույս...
Комментариев нет:
Отправить комментарий