Translate

вторник, 25 февраля 2014 г.

Տրդատ Գ

Տրդատ Գ Մեծ (250-ական թթ. – մոտ 330), Հայոց թագավոր 298–ից։

Տրդատը Հռոմեական կայսրությունում

Կրթվել և դաստիարակվել է հռոմական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։

Գահակալում

287ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գն Մեծ Հայքից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։ Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։

Քրիստոնեությունը պետական կրոն Մեծ Հայքում

Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը։ Համաձայն պատմիչների՝ Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը՝ Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի։ 287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու։
Aquote2.png

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

Տրդատ Գ-ն և Շապուհ Բ-ն

Պարսկաստանում Շապուհ IIի գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։ Վերջինիս հաջողվել է Տրդատ Գի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նաև պարսկական զորքերի դեմ։ Տրդատ Գ թունավորվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։