Translate

среда, 29 января 2014 г.

Տիգրան Բ Մեծ



Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը,
հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը:

Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում
Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:
Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար  մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի: Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել արքայից արքա տիտղոսը
Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Նույն ժամանակաշրջանում նա տիրել է նաև Կոմմագենեին և Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ
Տիգրան Բ-ն Տիգրանակերտի հիմնադրումով ստեղծել է կառավարման ընդհանուր կենտրոն Հայկական տերության համար: Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն, հակապարթևական դաշինքներ կնքել Պարսից ծոցի Խարակենե արաբական պետության և Միջին Ասիայի քոչվորների՝ սակարաուկների հետ, խրախուսել Միջերկրական ծովում ծովահենական շարժումը Հռոմի դեմմ. թ. ա. 78 թ-ին գրավել է վերջինիս դաշնակից Կապադովկիան: Այդ շրջանում Հայկական աշխարհակալ տերությունը տարածվում էր Միջերկրական ծովից ու Եգիպտոսից մինչև Կասպից ծով և Կովկասյան լեռներից մինչև Միջագետք
Մ. թ. ա. 73–72 թթ-ին Տիգրան Բ-ն ճնշել է հայ ավագանու որոշ հատվածի՝ Զարեհ արքայորդու գլխավորած ապստամբությունը, մ. թ. ա. 73–69 թթ-ին Փյունիկիայում և Հարավային Ասորիքում՝ Հռոմի Սելևկյան դրածոների, ինչպես նաև նրանց դաշնակցած Նաբաթեայի (արաբական պետություն) և Հուդայի (հրեական պետություն) թագավորությունների ընդվզումները: Այդ պատճառով Տիգրան Բ-ն չի կարողացել օգնել Միհրդատ VI-ին և չեզոք դիրք է գրավել մ. թ. ա. 73–71 թթ-ի հռոմեա-պոնտական պատերազմում
Մ. թ. ա. 71 թ-ի ամռանն ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին՝ նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը
Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպել է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության մատնել Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին: Տարածաշրջանում ստեղծված իրադրությունից ելնելով՝ Տիգրան Բ-ն անհրաժեշտ է համարել հաշտվել Հռոմի հետ: Սակայն զբաղված լինելով որդու՝ Տիգրանի (Տիգրան Կրտսեր) ապստամբության (մ. թ. ա. 67–66 թթ.) ճնշմամբ՝ Տիգրան Բ-ն չի կարողացել կանխել Հայաստանի դեմ հռոմեա-պարթևական ռազմական դաշինքի ստեղծումը: Պարթևական զորքերը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն Տիգրան Բ-ն պարտության է մատնել նրանց և դուրս քշել երկրի սահմաններից: Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա-պարթևական դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տիգրան Բ-ի հաշտության առաջարկը: Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը. պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Բայց հաշտությունից հետո էլ Տիգրան Բ-ն շարունակել է Հռոմը դիտել որպես Հայաստանի գլխավոր թշնամի: Մ. թ. ա. 64 թ-ին Պարթևստանի հետ կնքել է հաշտություն, որով հիմք է դրվել Հռոմի դեմ ապագա հայ-պարթևական ռազմաքաղաքական համագործակցության: Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:
Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): 
Տիգրան Մեծի անունով  Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:
Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):