Translate

четверг, 19 мая 2016 г.

Գրականություն

Նաիրի Զարյան

Նաիրի Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Խառակոնիս գյուղում։ Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապաստան է գտնումԵրևանի և Դիլիջանի որբանոցներում։ Որբանոցներում նա մնում է մինչև 1921 թվականը և այնտեղ էլ ստանում միջնակարգ կրթություն։ Ավարտել է Երևանի թեմական դպրոցը, 1927 թվականին՝ Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուտետը, 1933 թվականին՝ Լենինգրադի արվեստագիտության պետական ակադեմիայի գրական բաժնի ասպիրանտուրան։ 1951-1958 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր, Խաղաղության պաշտպանության հայկական կոմիտեի նախագահ։

1920-1930-ական թվականներին Նաիրի Զարյանը եղել է մի շարք պարբերականների պատասխանատու քարտուղար և խմբագիր։ Դրանցից կարելի է հիշատակել «Գրական դիրքերում», «Գրական սերունդ»ամսագրերը։
Գրական առաջին քայլերը արել է որբանոցում, 1918 թվականին տպագրվել է առաջին բանաստեղծությունը, իսկ 1969-ին՝ վերջին գիրքը։ Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։
1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավիպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։
Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին։ Նրա ճանաչված գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։
1944-1946 թվականներին եղել է Հայաստանի գրողնորի միության վարչության նախագահը։ Հետագայում ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի անդամ, վարել հանրային եռանդուն գործունեություն։ Նրա կյանքում հիշարժան էր Եղիշե Չարենցի հետ հանդիպումը, որն էլ նրա Հայաստան Եղիազարյան անունը փոխեց զրնգուն ու հնչեղ Նաիրի Զարյանի։
Հայկական թատրոնը բեմադրել է նրա «Արա Գեղեցիկ», «Այրող դիմակ», «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները։ 1980 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատոնը բեմադրել է Զարյանի «Հացավանը»։





Համո Սահյան


Սահյանն իր գրական անունը ստեղծել է հոր անվան առաջին մասի (ՍԱՀ) և ազգանվան վերջավորության (ՅԱՆ) համատեղումով։

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիք մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաևՀայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։

Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։

Համո Սահյանի ստեղծագործությունների թեմատիկայի մաս է կազմում նաև Հայաստանը․
1972 թվականին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975 թվականին նա արժանանում է պետական մրցանակի։ 1977 թվականին տպագրվում է նրա «Իրիկնահաց», 1980 թվականին՝ «Կանաչ, կարմիր աշուն», 1986 թվականին՝ «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։

Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին Երևանում։





Հրանտ Մաթևոսյան


Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, մոլդովերեն,էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ղրղզերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն,,բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։



Կոստան Զարյան

Կոստան Զարյանը ծնվել է Շամախի քաղաքում։ Հայրը` Քրիստափոր Եղիզարովը, եղել է ցարական բանակի գեներալ։ 1890 թվականին` հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվել է ռուսական գիմնազիա։ Այնուհետև ավագ եղբայրը նրան տարել է Փարիզ, տեղավորելՍեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրել է Կովկասում և մեկնել Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Բելգիայում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրել է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սովորել է հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրել հրատարակել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն և այլն։

Առաջին գիրքը՝ «Երեք երգերը» գրվել է իտալերեն (նույնը հայերեն լեզվով լույս է տեսել 1931 թվականին)։ Այդ պոեմների հիման վրա հետագայում կոմպոզիտոր Օտտորինո Ռեսպիգին ստեղծել է սիմֆոնիա։ Հռոմում մշակութային և գրական իր լայն գործունեության համար Մուսոլինին պետական թոշակ է առաջարկել, որից Կոստան Զարյանը հրաժարվել է։

1914 թվականին, երբ Պոլսում Հեթանոսական շարժմանն էին ներգրավված հայտնի մտավորականներ, Պոլսում Կոստան Զարյանը Դանիել Վարուժանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ միասին հիմնել է «Մեհեան» հանդեսը, որի առաջին համարը լույս է տեսել 1914 թվականի հունվարին։ 1919-1922 թվականերին ապրել է Կ.Պոլսում, որտեղ 1922 թվականին, Գ. Գալֆայանի, Վահան Թեքեյանի և Շահան Պերպերյանի հետ հրատարակել է «Բարձրավանք» հանդեսը։ 1922 թվականին Պոլսում լույս է տեսել Զարյանի հայերեն լեզվով առաջին գիրքը՝ «Օրերի պսակը»։ Նույն թվականի աշնանը Զարյանն ընտանիքով հաստատվել է Երևանում` հայրենիքում ընդմիշտ հաստատվելու նպատակով։ 1922-1924 թվականներին համեմատական գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում: Սակայն Խորհրդային Միության ազգակործան քաղաքականության պատճառով 1924 թվականին Զարյանը կրկին մեկնել է Եվրոպա, եղել Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում։

1925 թվականին Փարիզում հիմնել և խմբագրել է արվեստի, գրականության և փիլիսոփայության «Բաբելոնի աշտարակ» ամսագիրը (ֆրանսերեն): Ապա մեկնել է ԱՄՆ։ Բոստոնի «Հայրենիք» ամսագրում լույս են տեսել նրա «Անցորդը և իր ճամփան» (1927), «Բանկոոպը և մամութի ոսկորները» (1931-1934), «Երկիրներ և Աստվածներ» (1935-1938), «Կղզին և մի մարդ» (1955 թ.) գործերը։ 1944-1946 թվականներին հայագիտություն է դասավանդել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում։ 1946 թվականին Նյու Յորքում հիմնել և խմբագրել է «Հայկական քառամսյակ» անգլերեն հանդեսը։ 1952-1954 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել Բեյրութի ամերիկյան համալսարանում: 1961 թվականին ներգաղթել է Հայաստան: 1962-1969 թվականներին եղել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ Ռուսերեն լույս է տեսել նրա «Նավը լեռան վրա» վեպը (Մոսկվա, 1969 և 1974):

Տիգրան Մանսուրյանը Զարյանի մի շարք բանաստեղծությունների հիման վրա ստեղծել է վոկալային երաժշտություն։

Եղել է դաշնակահար Թագուհի Շահնազարյանի ամուսինը։

Կոստան Զարյանը, Շիրվանզադեն և Հովհաննես Աբելյանը եղել են երեք քույրերի որդիներ։





Շահան Շահնուր


Շահան Շահնուր կամ Արմեն Լյուբեն (իսկական անունը՝ Շահնուր Քերեսթեճյան) ծնվել է 1903թ-ի օգոստոսի 3-ին Կ. Պոլսում: ։ Նախնական կրթությունը ստացել է Սկյուտարի Սեմերճյան դպրոցում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ 1921 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտել է վարժարանը։ Սովորելու տարիներին հիմնավոր կարդում է հայ ու օտար(հատկապես ֆրանսիական) գրականություն։ Շահնուրն օժտված էր նկարելու և գծելու ակնհայտ ձիրքով և վարժարանը ավարտելուց հետո զբաղվում է լուսանկարչությամբ։ 1922 թվականին հաստատվել է Փարիզում, զբաղվել լուսանկարչությամբ և սկսել առաջին գրական փորձերը։ Աշխատակցել է «Արև», «Ապագա», «Անահիտ» պարբերականներին, Թեոդիկի «Ամենուն տարեցույցին»։

1929 թվականին լույս է ընծայել իր առաջին վեպը՝ «Նահանջը առանց երգի»՝ ահազանգելով սփյուռքահայերի ուծացման ու այլասերման վտանգի մասին։ Այս գործը, որտեղ դեպքերն ու հարաբերություններն ունեն հիմնավորված հասարակական հենք, այսօր էլ մնում են այժմեական։ 1928-1932 թվականներին սովորել էՓարիզի համալսարանի գրականության բաժնում։ Ծանր հիվանդության պատճառով նա հեռանում է Փարիզից և հաստատվում Ֆրանսիայի հարավում։ 1933 թվականին Շահնուրը հրատարակել է «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքների ժողովածուն։ Այս երկու գործով նա դասվել է հայ ռեալիստական արձակի վարպետների շարքը։

Որոշ ժամանակ նա ստեղծագործել է ֆրանսերեն՝ Արմեն Լյուբեն ստորագրությամբ, 1956 թվականից հայերեն տպագրել է հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ ու մանրապատումներ։ 1939 թվականին նա «Լա նուվել ռեվյու ֆրանսեզ»–ում ընթերցողին է ներկայացրել «Գիշերային փոխադրություն» հիվանդանոցային հուշերը։ Ֆրանսերեն հրատարակվել են «Պրպտումներ անտեղի» (1942), «Գաղտագողի անցորդ» (1946), «Սուրբ համբերություն» (1951), «Բարձրավանդակ» (1957) ժողովածուները։ 50-ական թթ. վերջերից հայերեն լույս են տեսել «Թերթիկս կիրակնօրյա թիվը» (1958) պատմվածքների ժողովածուն, «Զույգ մը կարմիր տետրակներ» (1967), «Կրակը կողքիս» (1973) գրքերը, որոնցում ամփոփված են Շահան Շահնուրի հին ու նոր հոդվածները, հրապարակախոսությունները։ 1963 թվականին նշվում է նրա 60-ամյակը, և ավելի է տարածվում նրա համբավը։ Առողջական վիճակի վատացման պատճառով 1973 թվականին ավարտվում է Շահան Շահնուրի տառապալից և արգասավոր կյանքը։

Комментариев нет:

Отправить комментарий