Translate

среда, 27 мая 2015 г.

Երկրորդ համաշխարհային պատերազմ. Մաս 2



Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին փուլը

Իրադարձություններն Արևմտյան Եվրոպայում

Թեև Անգլիան ու Ֆրանսիան գտնվում էին պատերազմական վիճակում Գերմանիայի հետ, սակայն որևէ ռազմական գործողություն չէին մղում նրա դեմ։ Խրամատավորված զորքերը «ձանձրանում էին» անգործությունից։ Այս յուրահատուկ իրավիճակի պատճառով այս պատերազմափուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»։
Գերմանիան բթացնելով իր հակառակորդների զգոնությունը, նախապատրաստվում էր վճռական գործողություններ իրականացնել Եվրոպայի արևմուտքում։ Գերմանական զորքերը ընդամենը երկու օրվա ընթացքում՝1940թ. ապրիլի 9-10-ը, գրավեցին Դանիան և Նորվեգիան։ Դրա հետևանքով սրվեց քաղաքական իրադրությունն Անգլիայում։ Ընդդիմության ճնշման տակ Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1940թ. մայիսի 8-ին հրաժարական տվեց։ Մայիսի 10-ին Ուինսթոն Չերչիլը, որ գերմանաֆաշիստական ագրեսորներին վճռական հարված տալու կողմնակիցներից էր, կազմեց կոալիցիոն կառավարություն։ Իսկ այդ ժամանակ Գերմանիան Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 միլիոն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա:

Ֆրանսիայի անձնատուր լինելը

Գերմանիան շուտով ձեռամուխ եղավ այսպես կոչված «Դեղին պլանի» կենագործմանը։ 1940թ. մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ և հուլիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Պետենը դիմեց Գերմանիային՝ հաշտության նպատակով։ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց 1940թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների՝ Հյուսիսային և Հարավային։ Հյուսիսային գոտին օկուպացրեց Գերմանիան, իսկ Հարավային Ֆրանսիայում ստեղծվեց մի կառավարություն, որը ենթարկվում էր «նախագահ» Պետենին։ Պետենը համագործակցում էր գերմանացիների հետ, ուստի դասվեց ազգային դավաճանների շարքը։
Սակայն ֆրանսիական մի խումբ հայրենասերներ, գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ, չընդունեցին անձնատուր լինելու ակտը։ Գեներալ Շարլ դը Գոլը Լոնդոնի ռադիոյով կոչ արեց բոլոր հայրենասեր ֆրանսիացիներին շարունակել պայքարը հիտլերյան զավթիչների դեմ և միավորվել «Ազատ Ֆրանսիայի» շարժման մեջ։Այնուհետև Անգլիական կառավարությունը 1940թ. հունիսի 28-ին դը Գոլին պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիայի» ղեկավար։ 1942թ. «Ազատ Ֆրանսիան» վերանվանվեց «Մարտնչող Ֆրանսիա»։

Հայրենական մեծ պատերազմը

Դեռ 1940թ. վերջերին Հիտլերը հաստատել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոսա» ծածկանվան տակ։ Նախատեսվում էր կայծակնային հարձակմամբ գրավել ԽՍՀՄ-ը և 1941թ. աշնանն ավարտել պատերազմը։ Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Ուստի, Գերմանիայի հետ պատերազմի մասին բոլոր խոսակցությունները նրա կողմից դիտվում էին որպես սադրանք։ Սակայն 1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան, Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միայն դրանից հետո, առավոտյան 03։30 րոպեին, Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս Շուլենբուրգը Կրեմլում հանդիպեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովին։ Դեսպանը հայտարարեց, որ «խորհրդային զորքերի կենտրոնացումը գերմանական սահմանի մոտ հասել է այնպիսի չափերի, որ գերմանական կառավարությունն այլևս չի կարող համբերել։ Այդ պատճառով էլ նա որոշեց ձեռնարկել համապատասխան հակամիջոցառումներ»։ Կոմս Շուլենբուրգը պատերազմ բառը չօգտագործեց, թեև այն արդեն սկսվել էր։ Այդ պատճառով էլ Վ. Մոլոտովը հարցրեց նրան. «Դա ի՞նչ է, պատերազմի հայտարարությո՞ւն է»։ Շուլենբուրգը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հուսահատորեն թափահարեց ձեռքը և հեռացավ Կրեմլից։
Գերմանիայի հետ միասին Խորհրդային Միության վրա հարձակվեցին Ռումինիան և Ֆինլանդիան։ ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 21-ին՝ Հունգարիան։ Իսպանիան թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն, որպես օգնություն Գերմանիային, խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»։ Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան։
Գերմանիան և նրա դաշնակիցները խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էին 190 դիվիզիա, հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ։ Գերմանիայի տնօրինության տակ էր նրա կողմից նվաճված եվրոպական երկրների ամբողջ ռազմական և տնտեսական ներուժը։
Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի վրա։ Պատերազմ սկսելով ԽՍՀՄ-ի դեմ՝ Գերմանիայի նպատակն էր մահացու հարված հասցնել իր գլխավոր գաղափարական հակառակորդին՝ կոմունիզմին, վերացնել Խորհրդային Միությունը որպես պետություն և այդ ուղիով լուծել իր համար կենսական տարածք ապահովելու խնդիրը։ Պատերազմի հենց սկզբից ԽՍՀՄ-ը հայտնվեց ծանր վիճակում։ Ռազմական առավելությունը և նախաձեռնությունը Գերմանիայի կողմն էր։ Խորհրդային երկրի վրա կախվել էր մահացու վտանգ։ 1941թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե՝ Ստալինի նախագահությամբ։ Այդ կոմիտեի ձեռքում կենտրոնացվեց երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական ամբողջ կառավարումը։ Արագ տեմպերով սկսվեց թիկունքի աշխատանքների վերակառուցումը։ Ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել ֆաշիստական զավթիչների դեմ կենաց և մահու պայքարի։ Դա Հայրենական մեծ պատերազմ էր։
Գերմանիան Խորհրդային Միության դեմ հարձակողական գործողությունները զարգացրեց երեք ուղղություններով՝ Հյուսիսային, նպատակ ունենալով գրավել Մերձբալթիկան և Լենինգրադը (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կենտրոնական, որի գլխավոր նպատակը Մոսկվայի գրավումն էր, և Հարավային՝ ձգտելով տիրանալ Կիևին, Խարկովին, և Դոնբասին։ Հիտլերականները ծրագրել էին պատերազմը հաղթանակով ավարտել մինչև 1941թ. դեկտեմբերը։ Սկզբանական փուլում գերմանական զորքերը հասան տպավորիչ հաղթանակների։ Նրանք գրավեցին Մերձբալթիկան և շրջափակման օղակի մեջ վերցրին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի մեծ մասին։ Իսկ 1941 թ. սեպտեմբեր ամսին հայտնվեցին Մոսկվայի մատույցներում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր։
Խորհրդային հրամանատարությանը հաջողվեց մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը և հակահարձակման անցնել սկզբում Ռոստովի, Տիխվինի և Ղրիմի շրջաններում, իսկ 1941թ. դեկտեմբերի 6-ին՝ Մոսկվայի տակ։ Խորհրդային զորքերը ծանր հարված հասցրին գերմանական զորքերին և մինչև 1942 թ. մարտ ամիսը նրանց հետ շպրտեցին մոտ 400 կիլոմետր։ Դա առաջին լուրջ պարտությունն էր, որ Գերմանիան կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչը ցույց տվեց գերմանական բանակի անպարտելիության մասին տարածված տեսակետի սնանկ լինելը։ Շնորհիվ Մոսկվայի տակ տարած հաղթանակի՝ ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի»Բլիցկրիգի») ծրագիրը:

ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ մտնելը

1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և ավիացիան հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան Պիրլ Հարբոր ռազմածովային հենակայանի վրա։ Հաջորդ օրը ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Ճապոնիայի դաշնակիցներ Գերմանիան և Իտալիան։ ԱՄՆ-ն էլ իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց։
Զարգացնելով իրենց հաջողությունները՝ ճապոնացիները մինչև 1942թ. գարունը գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան։ Այսպիսով՝ 1941 թ. վերջին պատերազմի մեջ ներգրավվեցին աշխարհի բոլոր խոշոր պետությունները։

Комментариев нет:

Отправить комментарий